Վինսենթ Վան Գոգ | Vincent van Gogh

(1853-1890թթ., Նիդերլանդներ)




Պոեզիան մեր շուրջ է, ամենուր, ավաղ, նրան թղթին հանձնելը  նույնքան հեշտ չի, որքան նայելը: Նկարչությունը պոեզիա է, որն ավելի հաճախ տեսնում են, քան թե զգում: Պոեզիան նկարչություն է, որն ավելի շատ զգում են, քան տեսնում:

Ես երազում եմ նկարչության մասին  ու հետո նկարում եմ իմ երազը:

Լավ նկարը բարի գործ անելու պես մի բան է:

Ես սիրտ ու հոգի եմ դնում աշխատանքիս մեջ, իսկ ընթացքում կորցնում եմ նաև խելքս:

Ձկնորսները գիտեն, որ ծովը վտանգավոր է, իսկ փոթորիկը` սարսափելի, բայց նրանք այս վտանգները երբեք բավարար պատճառ չեն համարել ափին մնալու համար:

Չկա ոչ մի կապույտ առանց դեղինի ու նարնջագույնի:

Ես միշտ կարծել եմ, որ Աստծուն ճանաչելու լավագույն տարբերակը շատ բան սիրելն է:

Սերը միշտ դժվարություններ է բերում, բայց դրական կողմ էլ ունի. շատ էներգիա է
տալիս:

1866թ., 13-ամյա Վան Գոգը
Երբ ես սարսափելի կարիք եմ ունենում, ասեմ այդ բառը, կրոնի, գնում եմ ու աստղեր նկարում:

Հաճախ մտածում եմ, որ գիշերն ավելի կենդանի է ու գունեղ, քան ցերեկը:

Եթե ներսիդ ձայնն ասում է. «Դու նկարիչ չես», ապա ինչ էլ որ լինի, նկարի՛ր: ...ու ձայնը կլռի:

Մարդու սիրտը ծովի պես է. այնտեղ կան և՛ փոթորիկներ, և՛ հանդուգն ալիքներ, իսկ մութ խորքերում կան նաև թաքնած մարգարիտներ:

Միակ դասը, որ մեզ տվել է կյանքը, տառապելն է, տառապել առանց խղճալու ինքներս մեզ:

Հիացեք որքան հնարավոր է շատ: Շատ մարդիկ կորցրել են հիանալու ունակությունը...

Աստված իմ, թող որ իմ մտքերը միշտ կանաչ լինեն: Այ սա ես կրկնում եմ հաճախ և հաճախ:

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը


No comments:

Post a Comment