Ֆեդերիկո Գարսիա Լորկա | Federico García Lorca

(1898-1936թթ., Իսպանիա)

Խորհուրդներ բանաստեղծին


Բանաստեղծությունն ու ծառը տարբերվում են նրանով, ինչով գետակը տարբերվում է հայացքից:

Ո՛չ օճառից փրփուրներ են պետք և ոչ էլ կապարե փամփուշտներ. իսկական բանաստեղծությունը պետք է լինի անտեսանելի:

Սովորիր աղբյուրից, որ գիշերային այգիներն է տաքացնում, ու ոչ ոք չգիտի, թե նա երբ է ծիծաղում ու երբ` լաց լինում, երբ է նա սկսվում և երբ` վերջանում:

Խաչմերուկներում ուղիղ երգիր:

Մի զրկիր բանաստեղծությանը մառախուղից. այն երբեմն չորությունից փրկում է. դարձիր անձրև:

Բառի կառուցվածքն ու հնչողությունը նույնքան խորհրդավոր են, որքան բառի իմաստը:

Երբեք ոչինչ մի՛ բացատրիր ու մի՛ ամաչիր, որ հուզվում ես հավասարաչափ և՛ թիթեռնիկից, և՛ գետաձիուց: 

Քո օրապահիկը հյուսիսում գինին ու աստղերն են, հարավում` հացն ու անձրևը:

«Ոչ» բառը տեսնելիս վերևում գրիր «այո», իսկ «այո»-ին երբ պատահես, իսկույն ընդգծիր:

Ամեն դեպքում պետք է նկատի ունենաս, որ գորտն անխնա քննադատում է ծիծեռնակին ու հավան չէ, թե ինչպես է նա ճախրում:

Հենց սկսվում է «իջիր՝ ես նստեմ»-ը, ջարդիր աթոռն ու էդ խաղերը չխաղաս:

Երջանկության կամ թեկուզ վախի սահմանագծին մի՛ մոռացիր գիշերը քնելուց առաջ «Հայր մեր»-ն ասել:

Իրիկնամուտի անհանգիստ խառնաշփոթում, երբ մարդիկ հոգոց են հանում, իսկ ծառերի գլուխները` ճեղքվում թռչուններից, անջատիր սիրտդ ու հարմարվիր մայրամուտի լայն թիերին:

Եթե ծովն է տխրում քեզ համար, ուրեմն անհույս ես:

Անգլերենից թարգմանեց Հասմիկ Սիմոնյանը

Տեսնել Ֆեդերիկո Գարսիա Լորկայից այլ հրապարակումներ՝




No comments:

Post a Comment